Դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում 2025 թվականին կատարել է 540 ուսումնասիրություն (2024 թվականին՝ 435), հայտնաբերել է 485 իրավախախտում (2024 թվականին՝ 328): Այդ մասին խորհրդարանում Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ժամանակ տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Նրա խոսքով՝ ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանության, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման և քաղաքաշինության ոլորտներին վերաբերող հարցեր:
Դատախազության կողմից հաշվետու ժամանակահատվածում դատարան է ներկայացվել 350 հայց, որոնցից 183-ը՝ քաղաքացիական դատավարության կարգով՝ ընդհանուր 2 միլիարդ 524 միլիոն 486 հազար դրամի բռնագանձման պահանջով, 36-ը՝ քրեական դատավարության կարգով՝ ընդհանուր 230 միլիոն 82 հազար դրամ վնասի հատուցման համար գումարի բռնագանձման պահանջով և 131 հայց՝ վարչական դատավարության կարգով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց վարչական ակտերի, գործողությունների դեմ, որոնցով պետությանը կամ համայնքներին պատկանող գույքն ապօրինի օտարվել է:
Նշված հայցապահանջներով պետությանը կամ համայնքին վերադարձման ենթակա գույքերի արժեքը որոշակիացված չէ՝ հաշվի առնելով դրանց՝ գնահատման գործընթացում գտնվելու կամ դեռևս գնահատված չլինելու հանգամանքները:
«2025 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով կամ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել նախնական գնահատմամբ շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ:
2025 թվականի ընթացքում գումարի բռնագանձման հայցերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բավարարվել է 342 միլիոն 786 հազար դրամ հայցապահանջով 55 հայց (2024 թվականին՝ 207 միլիոն 583 հազար դրամ հայցապահանջով 43 հայց):
Նախորդ տարիներին դատարան ներկայացված հայցերով՝ 2025 թվականին փաստացի վերականգնվել է 113 միլիոն 405 հազար դրամի վնաս:
2025 թվականի ընթացքում Դատախազության ստորաբաժանումների կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, ներկայացվել է հանցանքի մասին 92 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության, կեղծիքի և այլ հանցագործությունների հատկանիշներով (2024 թվականին` 63 հաղորդում)»,- հայտնեց Աննա Վարդապետյանը: