Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական և ամերիկա-իրանական հակամարտությունները: Ըստ ՌԴ նախագահի օգնականի՝ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պատրաստ է հրադադար հայտարարել Հաղթանակի օրվա կապակցությամբ: Դոնալդ Թրամփն ակտիվորեն աջակցել է այս նախաձեռնությանը: Պուտինը նաև նշել է, որ Մոսկվան ամեն դեպքում կհասնի ռազմական գործողության նպատակներին, սակայն կնախընտրեր դա անել բանակցությունների միջոցով:
Զրույցի ընթացքում Պուտինը նաև նշել է, որ Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ոչ միայն այդ երկրի և նրա հարևանների, այլև ամբողջ աշխարհի համար:
Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ Պուտինն առաջարկել է օգնել Իրանի հարստացված ուրանի հարցում, որն ԱՄՆ-ն ցանկանում է դուրս բերել այնտեղից: «Ես ասացի՝ կնախընտրեմ, որ նա զբաղվի Ուկրաինայի հետ պատերազմի ավարտով: Դա ինձ համար ավելի կարևոր է»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ մերժել է Իրանի առաջարկը՝ վերաբացել Հորմուզի նեղուցն ամերիկյան շրջափակման դադարեցման դիմաց: Թրամփի խոսքով՝ դա նպատակ ունի հետաձգել Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումները: «Շրջափակումն ավելի արդյունավետ է, քան ռմբակոծությունները»,- նշել է նա: