Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել: Համարում եմ երկու երկրների փոխվարչապետների այցերը պատմական՝ խաղաղության գործընթացի և ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ, և ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնաով փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ Ադրբեջանի պատվիրակության՝ Հայաստան այցին, ինչպես նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Ադրբեջան այցին, որը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերին, երբ Գաբալա քաղաքում կայանում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի 12-րդ հանդիպումը:
Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է նման այցերի մասին տեղեկությունը հայ հասարակությունն ադրբեջանական ԶԼՄ-ներից իմանում, ինչո՞ւ էր այցը գաղտնի պահվում:
Փաշինյանը պարզաբանեց՝ եթե կոնֆիդենցիալության ինչ-որ կանոններ պահվում են, ապա՝ հայտնի նկատառումներով, այդ թվում՝ անվտանգության, քանի որ երբ ՀՀ փոխվարչապետն է այցելել Ադրբեջան, նույն կանոնները պահվել են այնտեղ, իսկ ինչ վերաբերում է տեղեկատվական արտահոսքերին, ապա դրանք բացառել հնարավոր չէ: Ըստ Փաշինյանի՝ գնահատականը, թե տեղեկությունը գաղտնի է պահվել հանրությունից, ամենևին տեղին չէ:
«Ձեր տրամաբանությամբ, երբ Ադրբեջանի փոխվարչապետը այցելում էր Հայաստան, պետք էր կյանքը կանգնեցնել, որպեսզի որևէ մեկնաբանության տեղիք չլինե՞ր: Բայց այդ դեպքում էլ կլիներ մեկնաբանություն, որ Ադրբեջանի փոխվարչապետին ընդունելու համար կյանքը կանգնեցրել եք:
Ընդհանրապես կարծում եմ՝ ցանկացած միջազգային հյուրի մենք պետք է ընդունենք հնարավորինս լավ»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ Փաշինյանն ասաց. «Ընդհանրապես կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները պետք է շարունակաբար լավարկվեն, խաղաղությունը գնալով ուժեղանա, և պետք է հաստատվեն բնականոն հարաբերություններ, երկարաժամկետում՝ ռազմավարական առումով բարիդրացիական հարաբերություններ»: