Ապրիլի 29-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցութան նախագահ Սամվել Կարապետյանն ընդունել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էին նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները, որի ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր:
«Հանդիպման ընթացքում Սամվել Կարապետյանի ներկայությամբ «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող-ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով կողմերը հանձն են առել միավորելու իրենց ջանքերը՝ Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանը և նոր ազգային իշխանության ձևավորմանը։
Այդ նպատակով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը համաձայնել են միասին իրականացնել նախընտրական քարոզարշավը՝ ելնելով իրենց քաղաքական ծրագրերի առավելագույն համադրումից, ինչպես նաև՝ համատեղ իրականացնել ընտրական գործընթացի օրինականության վերահսկողությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունն ու «Հայաքվե» միավորումը, որոնք հուշագիր էին ստորագրել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու մասին, դադարեցրել էին համատեղ աշխատանքը։