Բելառուսի քրեակատարողական հիմնարկներից բանտարկյալների ևս մի խմբի ազատ արձակումը և նրանց հետագա փոխանակումը Լեհաստանի հետ չի ենթադրում Բելառուսի դեմ պատժամիջոցների հետագա վերացում՝ լրագրողներին ասել է Բելառուսի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը։ Այս մասին հայտնել են լեհական լրատվամիջոցները։
«Ի տարբերություն քաղաքական բանտարկյալների նախորդ ազատ արձակումների՝ այս անգամ Բելառուսի նկատմամբ հետագա պատժամիջոցների վերացման մասին խոսք չկա», - ասել է նա և հավելել, որ ԱՄՆ-ի նպատակը «Բելառուսի վերամիավորումն է ազգերի ընտանիքին և բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը»։
Մարտի 19-ին, Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Քոուլի միջև բանակցություններից հետո, հայտարարվել էր, որ ներում է շնորհվել ծայրահեղական ուղղվածության հանցագործությունների համար դատապարտված 250 անձի, որոնք պատիժ էին կրում Բելառուսի քրեակատարողական հիմնարկներում։ Դրանից հետո Քոուլը հայտարարել էր «Բելինվեստբանկի», Բելառուսի Հանրապետության զարգացման բանկի և ֆինանսների նախարարության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերացման, ինչպես նաև ԱՄՆ-ի նախաձեռնած բոլոր պատժամիջոցների ցուցակներից «Բելառուսական կալիումական ընկերության» և «Բելառուսկալիի» հեռացման մասին։
Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը քննարկում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը ԱՄՆ, Թրամփի հատուկ դեսպանորդը պատասխանել է, որ դա «հնարավոր է և քննարկման փուլում է», բայց դեռևս որոշում չի կայացվել։