Յուրաքանչյուր տարվա ապրիլի 20-ը վերջնաժամկետն է Հայաստանի Հանրապետության ընկերությունների համար՝ վճարելու շահութահարկը: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ հիշեցնել, որ հեղափոխությունից հետո մենք Հայաստանում շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից նվազեցրել ենք 18 տոկոսի, և ուզում եմ հիմա ամփոփել, թե ինչ է տեղի ունեցել մեր շահութահարկի հետ»,- նշեց վարչապետը:
«2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ 2025 թվականի համեմատ վճարվել է 265․8 միլիարդ դրամի շահութահարկ։ 2017 թվականի համեմատ շահութահարկն ավելի է 5․4 անգամ կամ 444 տոկոսով։ Սա երկու բանի մասին է. առաջին՝ որ մենք ասում ենք՝ տեսեք՝ շատ խոսվում է 2018 թվականից և դրանից առաջ էլ նախրոդ օրակարգերի թալանված և թալանվող փողերի մասին, որը մի մասով եղել է ստվեր, այսինքն՝ մի մասով չէ, հիմնականում եղել է ստվերային շրջանառությունը, և այդ ստվերային շրջանառության մի մասը այլևս Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է մտնում և ՀՀ կարիքների համար ծախսվում, մյուս մասը մեր կողմից տնտեսության խթանումն է, և այն ինչի մասին նախորդ անգամ ես խոսեցի Կառավարության զեկույցի քննարկման ժամանակ, որ մենք, ըստ էության, 2018 թվականից և համաշխարհային միջինից և եվրասիական տնտեսական միության միջինից բարձր տնտեսական աճեր ենք ապահովել ՀՀ-ում: Եվ ահա, այս արդյունքը կա, և առաջիկայում ես հասկանում եմ, որ երբեմն մտածում եմ, որ կարող է մի քիչ շատ եմ դրա մասին խոսում, բայց ես, անկեղծ ասած, հետո ինչքան վերլուծում եմ, հասկանում եմ, որ շատ չեմ խոսում դրա մասին, որ քանի դեռ ՀՀ-ում կա ԿԴՄ կտրոն չտալու դեպք, մենք պետք է սրա մասին խոսենք:
Երեկ էլ տեղում առաջացավ, որ մենք երեխաների հետ պետք է դրա մասին խոսենք նաև, որովհետև երբ որ երեխան գալիս է դպրոց, տեսնում, զարմանում, պետք է իմանա, թե այդ դպրոցն ինչպես է ստեղծվում, ինքը պետք է իմանա, որ երբ որ պաղպաղակ է առնում և ՀԴՄ կտրոն է վերցնում, դա նման դպրոցների քանակն ավելացնում է: Երեխան պետք է իմանա, որ այն դպրոցների, մակապարտեզների, ճանապարհների և մնացած բաների բացակայության պատճառը շատ տեղերում այդ թվում այն է, որ ինքը, գուցե իր ծնողները և մենք բոլորս առանձնակի կարևորություն չենք տվել այս հարցին:
Ես ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր երբեք չեն մոռանում ՀԴՄ կտրոն թողարկել, և մեր քաղաքացիներին, ովքեր առևտուր անելիս չեն մոռանում ՀԴՄ կտրոն վերցնել:
Ես ուզում եմ խոստովանել, որ ես այս ընթացքում այսքան խոսում եմ, չէ՞, այն օրը դեպք է եղել, որ ես ուղիղ եթերում մոռացել եմ ՀԴՄ կտրոնը վերցնել: Մենք երկար ժամանակ այդ տրամաբանությամբ ենք ապրել, դա այդքան կարևոր հարց չի եղել: Մենք պետք է անընդհատ խոսենք սրա մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: