Ռուսաստանը մայիսի 1-ից կդադարեցնի ղազախական նավթի տարանցումն իր տարածքով Գերմանիայի Բրանդենբուրգ դաշնային երկրամասի Շվեդտ քաղաքի նավթավերամշակման գործարան, հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության խոսնակը: Ընդ որում, ռուսական կողմը պաշտոնապես չի հաստատել այդ որոշումը Գերմանիայի կառավարությանը։
Նավթը Գերմանիա մատակարարվում է «Դրուժբա» խողովակաշարի հյուսիսային ճյուղով, որն անցնում է Լեհաստանով: 2025 թվականին Ղազախստանն այդ երթուղով մատակարարել է 2,146 մլն տոննա նավթ՝ 44 տոկոսով ավելի, քան 2024 թվականին։ Ղազախստանը դարձել է Գերմանիայի համար կարևոր մատակարար, երբ Բեռլինը հրաժարվել է ռուսական էներգակիրներից՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով:
Ղազախստանի էներգետիկայի նախարարը ենթադրել է, որ դա կարող է պայմանավորված լինել տեխնիկական խնդիրներով:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունն էլ վստահեցրել է, որ ղազախական նավթի մատակարարումների դադարեցումը սպառնալիք չի ստեղծում երկիրը նավթամթերքով ապահովելու հարցում: