Քիշնևի դատարանը Մոլդովայի դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար, օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկին դատապարտել է 19 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել երկրի բանկային համակարգից մեկ միլիարդ դոլար գողանալու համար։ Նրա դեմ ևս երեք քրեական գործ է քննվում՝ հայտնում է BBC-ն։
Դատարանի որոշման համաձայն՝ Պլախոտնյուկը հինգ տարի ժամկետով զրկվել է որոշակի պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից և պետք է պետությանը վճարի մոտ 60 միլիոն դոլար։
Մեղադրող կողմը Պլախոտնյուկի համար պահանջել էր 25 տարվա ազատազրկում՝ 15 տարի խարդախության և 10 տարի՝ խոշոր չափի փողերի լվացման մեղադրանքով, ինչպես նաև բռնագրավել Պլախոտնյուկի ակտիվները՝ վնասը և գործարարին Հունաստանից արտահանձնելու ծախսերը փոխհատուցելու համար՝ հայտնում է մոլդովական NewsMaker պարբերականը։
Պլախոտնյուկի պաշտպանությունը պահանջել է նրան անմեղ ճանաչել։ Օլիգարխի փաստաբանը պնդել է, որ դատական գործընթացը չափազանց հապճեպ է եղել, իսկ գործերի նյութերում միլիոնավոր եվրոների հասնող սխալներ կան: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ օլիգարխի պաշտպանությունն արդեն հայտարարել է դատավճիռը բողոքարկելու մտադրության մասին։