Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ԵԽԽՎ նիստում անդրադարձել է Հայաստանում կայանալիք ընտրություններին և ընդհանուր առմամբ տարածաշրջանային զարգացումներին: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին ի պատասխան՝ Ալեն Բերսեն շեշտել է՝ Հարավային Կովկասն ունի իրական հնարավորություն և պատասխանատվություն՝ շարժվելու երկարատև խաղաղության և կայունության ուղղությամբ: Ալեն Բերսեի խոսքով՝ հարաբերությունները կարգավորելու՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը կարևոր են ոչ միայն երկու երկրի, այլև ավելի լայն տարածաշրջանի կայունության համար։
«Հայաստանում շատ շուտով ընտրություններ են լինելու։ Կարծում եմ՝ սա կարևոր պահ է ժողովրդավարական հասարակության համար: Կարևոր են նաև հումանիտար հարցերը՝ այդ թվում պատերազմի համատեքստում։ Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաջորդիվ կլինեն դրական քայլեր՝ այդ թվում՝ պահվող անձանց հարցով։ Այս հարցն ակնհայտորեն ազդեցություն ունի Հայաստանում քաղաքական քննարկումների վրա։ Նաև մենք կենտրոնացած ենք, թե ինչ կարող ենք անել՝ նպաստելու ազատ և արդար ընտրությունների անցկացմանը՝ բոլոր երկրներում։ Կտեսնենք՝ ինչ տեղի կունենա Հայաստանում, սակայն այս համատեքստում ուզում եմ նշել, որ գրեթե ամենուր տեսնում ենք մանիպուլյացիայի, միջամտությունների և ապատեղեկատվության ռիսկեր, և սա վերաբերում է բոլոր երկրներին»,- ասել է Ալեն Բերսեն:
Բերսեի խոսքով՝ այս ամենը հաշվի առնելով՝ աշխատում են ապատեղեկատվության և միջամտության վերաբերյալ հնարավոր շրջանակային կոնվենցիայի վրա։ «Պետք է միասին մշակենք գործիքակազմ՝ հասկանալու՝ ինչ կարող են անել կառավարությունները՝ ժողովրդավարությունը պաշտպանելու համար։ Սա կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար»,- հավելել է եվրոպացի պաշտոնյան:
Մանրամասները՝ տեսաշարում: