Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտարարել է, որ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրից ուղիղ հեռարձակումների ձևաչափն ու տևողությունը չեն փոխվել։ Նրա խոսքով՝ ինչպես նախորդ տարիներին, կապահովվի առավոտյան 09:00-ից մինչև 13:00-ը չընդհատվող ուղիղ եթեր, ինչպես նաև հատուկ տաղավարից հարցազրույցներ և թեմատիկ ցուցադրություններ:
«От создателей «Եղեռնի հուշահամալիրը քանդում են», հիմա էլ, թե բա «Հանրայինը կրճատել է ցեղասպանության հուշահամալիրից ուղիղ եթերը», մեկը լինի ու հարցնի՝ ինչի՞ հետ եք համեմատել, որ կրճատում եք արձանագրել:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով և ժամանակաչափով, ինչպես վերջին 7-8 տարիներին: Բացի «Լուրերի» եթերում տարբեր ժամերի ուղիղ միացումներից՝ առավոտյան 09:00-ից մինչ 13:00-ը ունենալու ենք չընդհատվող ուղիղ եթեր հուշահամալիրից՝ նախորդ տարիների նման:
Նաև կառուցելու ենք հատուկ տաղավար հուշահամալիրի տարածքում՝ ուղիղ եթերում հարցազրույցներ անելու համար վերջին 3 տարիների պես:
Այդ օրը մեր եթերում է լինելու Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը, իսկ երեկոյան կունենանք պրեմիերա՝ առաջին անգամ եթերում կլինի բազմաթիվ մրցանակներ ստացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը:
Առաջին ալիքի ուղիղ եթերում ցուցադրելու ենք նաև ըմբշամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների՝ հայ մարզիկների մասնակցությամբ ելույթները:
Հ.Գ. Այդ օրը Հանրայինի 100-ից ավելի աշխատակիցներ ամբողջ օրն աշխատելու են հուշահամալիրի տարածքում, որ ապահովեն ուղիղ եթերի չընդհատվող ազդանշան ոչ միայն Հանրայինի ալիքների, այլ նաև մյուս բոլոր հեռուստաընկերությունների և առցանց հեռարձակողների համար»,- գրել է նա: