Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում որևէ ժամկետ կամ վերջնագիր իր ազգային շահերն ապահովելու հարցում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։ Նա նշել է, որ ազգային շահերի պաշտպանությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և երկրի զինված ուժերը վճռականորեն ու ամբողջ ուժով կարձագանքեն Միացյալ Նահանգների և Իսրայելի հետագա ցանկացած նոր արկածախնդրությանը։
«Այս պահին բանակցությունների հաջորդ փուլի ծրագրեր չկան, այս հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել: Հայտարարելով դիվանագիտության և բանակցությունների պատրաստակամության մասին՝ Միացյալ Նահանգները ցուցաբերում է վարքագիծ, որը ոչ մի կերպ չի վկայում դիվանագիտական գործընթացի վերաբերյալ իրենց մտադրությունների լրջությունը: ԱՄՆ-n շարունակում է պնդել իր անիրատեսական դիրքորոշումները»,- ասել է Էսմայիլ Բաղաեին: