Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը: Հայաստանի պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթում նշել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանի ժողովրդավարական ուղին հեշտ չի եղել, ենթարկվել է բազմաթիվ փորձությունների՝ պատերազմ, տարածաշրջանային անկայունություն, ներքին ճնշումներ։ Այնուամենայնիվ, այն դիմացել է և ամրապնդվել։
«Մենք ընտրել ենք խաղաղությունը հակամարտության փոխարեն, ժողովրդավարությունը վերահսկողության փոխարեն և երկխոսությունը բևեռացման փոխարեն»,- ընդգծել է Գրիգորյանը։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանն այսօր կանգնած է անցյալի օրինաչափությունների և ապագայի հնարավորությունների միջև խաչմերուկում։
«Դժբախտաբար, ինչպես այլ եվրոպական երկրներ, Հայաստանը նույնպես բախվում է հիբրիդային մարտահրավերների, այդ թվում՝ կազմակերպված ապատեղեկատվական արշավների, արտաքին շահերը սպասարկող օրակարգերի առաջխաղացմանը։ Խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց, իրավապահ մարմիններից մտահոգիչ հաղորդագրություններ ենք ստանում դեպի Հայաստան զգալի ֆինանսական ռեսուրսներ ուղղորդելու փորձերի մասին՝ ընդդիմության կողմից ընտրական գործընթացներում դրանց ապօրինի օգտագործման հիմնավոր կասկածներով։ Կան նաև փաստաթղթավորված դեպքեր, այդ թվում՝ ձայնագրություններ, որոնք վկայում են, որ ընդդիմությունը համակարգված ընտրակաշառք է բաժանում։ Սա նշում եմ՝ ընդգծելու համար մի պարզ իրողություն. Հայաստանում ժողովրդավարությունը ոչ միայն հռչակված է, այլև ակտիվորեն պաշտպանվում է, և Հայաստանի կառավարությունն ունի բավարար քաղաքական կամք ու վճռականություն դա անելու։ Մենք վճռական ենք շարունակել այս ճանապարհը և բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների աջակցությունը և համերաշխությունը մեր ջանքերին»,- ասել է Գրիգորյանը։