Վաշինգտոնն ու Անկարան շուտով կլուծեն Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հարցը՝ կապված Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի գնման հետ, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։
Թուրքիան Ռուսաստանի հետ S-400-ներ գնելու պայմանագիր է կնքել 2017 թվականին: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն դեմ են եղել այսդ որոշմանը։ Վաշինգտոնը, մասնավորապես, նշել է, որ S-400-ն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի համակարգերի հետ, ինչպես նաև մտահոգություն է հայտնել, որ S-400-ը և F-35 կործանիչները միասին օգտագործելով՝ Ռուսաստանը կարող է հասանելիություն ստանալ կործանիչների ռադիոլոկացիոն տեսանելիության և բնութագրերի վերաբերյալ տվյալներին:
2020 թվականին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի նկատմամբ ռուսական S-400-ներ գնելու համար և Անկարային բացառել է F-35-ների գնման ու արտադրության ծրագրից։ Սահմանափակումները սահմանվել են «ԱՄՆ հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի համաձայն։
F-35-ի գնման արգելքից բացի, պատժամիջոցները ներառում են ամերիկյան տեխնոլոգիաների արտահանման արգելք, վարկերի հասանելիության սահմանափակումներ, ակտիվների սառեցում և վիզային սահմանափակումներ։ Թուրքիան պատժամիջոցները համարել է անարդար և պնդել է ինքնուրույն զենք ընտրելու իր իրավունքի մասին:
Անցյալ տարվա սեպտեմբերին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել էր, որ պատրաստ է քննարկել Թուրքիայի կողմից F-35-ների գնման հարցը, սակայն «դեռևս որևէ համաձայնության չեն հասել», հաղորդել են Bloomberg-ի աղբյուրները։