ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ ալ Սուլայթինին:
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Կատարի միջև բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման կարևորությունը, որը ՀՀ Կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթություններից է:
Նախարար Հովհաննիսյանը և դեսպան Մանսուր Աբդալլահ ալ Սուլայթինը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև կրկնակի հարկումը բացառելու մասին» համաձայնագիրը, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում գործարար կապերի ակտիվացման համար:
Ներկայումս երկու երկրների միջև նախատեսվում է խորացնել համագործակցությունը ներդրումային ոլորտում, ինչպես նաև ապահովել գիտելիքի ու փորձի փոխանակում էներգետիկայի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և թվային տրանսֆորմացիայի ուղղություններով: