Բահրեյնի բանաձևը, որը կոչ էր անում պաշտպանել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության արդյունքում չի ընդունվել` Ռուսաստանի և Չինաստանի վետոյի պատճառով։
Տասնմեկ երկիր քվեարկել է փաստաթղթի օգտին, Պակիստանը և Կոլումբիան ձեռնպահ են մնացել։
«Բանաձևի նախագիծը կոչ էր անում պաշտպանել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը և խթանել համակարգված «պաշտպանական ջանքերը», ներառյալ առևտրային նավերի ուղեկցումը՝ միջազգային նավարկությունը խոչընդոտելու փորձերը կանխելու համար», - ասվում է ՄԱԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի խոսքով՝ Մոսկվան «չի կարող աջակցել մի տեքստի, որը կստեղծի վտանգավոր նախադեպ միջազգային իրավունքի, ծովային միջազգային իրավունքի, ցանկացած խաղաղության ջանքերի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հեղինակության համար»։ Մոսկվան խոստացել է շուտով Պեկինի հետ համատեղ ներկայացնել «բանաձևի այլընտրանքային նախագիծ»։
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Կոնգը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ Բահրեյնի բանաձևը «պարունակում է միակողմանի դատապարտում և ներկայացնում է ճնշում գործադրելու փորձ»։ Նա հավելել է, որ նման բանաձևի ընդունումը «քաղաքակրթությունը ոչնչացնելու» ԱՄՆ սպառնալիքների ֆոնին սխալ ազդանշան կուղարկի։
Բահրեյնի արտաքին գործերի նախարար Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ ալ-Զայանին ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել նախագիծը։
«Այս բանաձևի չընդունումը սխալ ազդանշան է ուղարկում աշխարհի ժողովուրդներին։ Այն ազդանշան է ուղարկում, որ միջազգային ջրային ուղիներին ուղղված սպառնալիքները կարող են անպատիժ մնալ առանց միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների»,- ասել է նա։
Դիվանագետի խոսքով՝ բանաձևի նախագծում նաև կոչ է արվում Իրանին լիովին կատարել իր միջազգային պարտավորությունները և դադարեցնել հարևան երկրների վրա հարձակումները։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլզը հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Պարսից ծոցի երկրներին, մինչդեռ Չինաստանն ու Ռուսաստանը «կողմնակից են այն ռեժիմին, որը ձգտում է վախեցնել Պարսից ծոցի երկրներին՝ նրանց հնազանդեցնելու համար»։
Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը գործնականում 20%-ով կրճատել է համաշխարհային շուկա մտնող նավթի ծավալը։ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ Թեհրանը վերացնի շրջափակումը` հակառակ պարագայում սպառնալով ոչնչացնել Իրանի հիմնական ենթակառուցվածքները։ Նրա վերջնաժամկետը լրանում է ապրիլի 8-ի գիշերը։
«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», - ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։
«Այնուամենայնիվ, քանի որ տեղի է ունեցել ռեժիմի ամբողջական և լիարժեք փոփոխություն, և այժմ այնտեղ գերիշխում են այլ, ավելի խելացի և պակաս արմատական մտքեր, գուցե ինչ-որ հեղափոխական և հրաշալի բան կարող է տեղի ունենալ։ Ո՞վ գիտի», - հավելել էր նա։