Ռուսաստանի օլիգարխների հետ փակ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրանց կառաջարկել է «կամավոր» մուծումներ կատարել բյուջե՝ Ուկրաինայի հետ պատերազմը ֆինանսավորելու համար։ Այդ մասին հայտնել է The Bell պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է պատերազմը շարունակելու և Դոնբասի նկատմամբ լիակատար հսկողություն սահմանելու մտադրության մասին: Այդ նպատակի համար նա գործարարներին առաջարկել է «կամավոր» մուծումներ կատարել բյուջե։ The Bell-ի զրուցակիցները Պուտինի ելույթի էությունը նկարագրել են «ասել ենք՝ պատերազմելու ենք» և «գնալու ենք մինչև Դոնբասի սահմանները» բառերով:
Պարբերականի աղբյուրները պնդում են, որ նախաձեռնությունը ներկայացրել է «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, որը հանդիպման նախօրեին նամակ է հղել Պուտինին՝ «երկրի համար այս ծանր ժամանակներում բիզնեսը ցնցելու» գաղափարով: Որպես միջոցներ հայթայթելու մեխանիզմ՝ առաջարկվել է թողարկել դաշնային վարկի ռազմական պարտատոմսեր։
The Bell-ի երկու զրուցակիցը հաստատել է, որ գործարար Սուլեյման Քերիմովն անմիջապես համաձայնել է խնդրանքին և խոստացել է բյուջե մուծել 100 միլիարդ ռուբլի: Միլիարդատեր Քերիմովը Դաղստանի Հանրապետությունից Դաշնության խորհրդի անդամ է։ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով, նա ընդգրկված է ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակներում։ Financial times-ը հաղորդում է, որ միլիարդատեր Օլեգ Դերիպասկան, որը 2022 թվականից նույնպես գտնվում է ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների պատժամիջոցների տակ, ևս խոստացել է ֆինանսական ներդրում կատարել։
Reuters գործակալությունը փորձել է կապվել Դաշնության խորհրդում Քերիմովի գրասենյակի հետ՝ տեղեկությունը հաստատելու համար, սակայն այնտեղ զանգերին պատասխանող չի եղել: