Եվրամիությունում որոշել են սահմանափակել Հունգարիային տրամադրվող գաղտնի տեղեկատվության ծավալը՝ գրում է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ այս փոփոխությունները տեղի են ունեցել այն մտահոգությունների ֆոնին, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը, հնարավոր է, տեղեկությունները հաղորդում է Ռուսաստանին։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, թե «լուրերն այն մասին, որ Օրբանի մարդիկ Մոսկվային մանրամասն տեղեկացնում են Եվրոպական խորհրդի հանդիպումների մասին, երբեք չպետք է զարմացնեն»:
Հանգստյան օրերին The Washington Post թերթը գրել էր, որ Օրբանի կառավարության անդամները սերտ կապեր են պահպանում Մոսկվայի հետ ուկրաինական հարցի վերաբերյալ։ Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն ԵՄ մյուս նախարարների հետ հանդիպումների ընդմիջումների ժամանակ, իբր, Ռուսաստանին տեղեկացնում է իրավիճակի մասին։ Սակայն Բուդապեշտում այդ տեղեկությունը հերքել են։ Հունգարիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Յանոշ Բոկան հայտարարել է, որ դրանք «իրականությանը չհամապատասխանող լուրեր են», որոնց միջոցով նպատակ ունեն ազդելու Հունգարիայում ընտրությունների վրա:
Հունգարիայում խորհրդարանի ընտրությունը կկայանա ապրիլի 12-ին։