Եվրոպական հանձնաժողովը կարող է սառեցնել Հունգարիայի համար նախատեսված եվրոպական ֆինանսավորումը, դատական հայցեր է պատրաստում Բուդապեշտի դեմ և կարող է զրկել նրան ԵՄ խորհրդում ձայնի իրավունքից՝ ի պատասխան Կիևի համար 90 միլիարդ եվրո ռազմական ֆինանսավորումը հաստատելուց հրաժարվելուն։ Այդ մասին հաղորդել է Politico պարբերականը ԵՄ գագաթնաժողովից հետո։
Ըստ թերթի՝ Եվրահանձնաժողովը «լուրջ պատժամիջոցներ» է պատրաստում ապրիլի 23-24-ը Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում՝ Հունգարիայի համար նախատեսված եվրոպական միջոցների սառեցում, հայցեր ԵՄ դատարանում, տուգանքներ Ուկրաինայի իրավիճակին չառնչվող եվրոպական նորմերի խախտումների համար և Եվրոպական միության մասին Համաձայնագրի 7-րդ հոդվածի կիրառում, որը թույլ է տալիս երկրին զրկել ԵՄ խորհրդում ձայնի իրավունքից։
Մարտի 19-ին Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ գագաթնաժողովի որոշումը՝ Կիևին 90 միլիարդ եվրո հատկացնելու և Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթը հաստատելու մասին։ Հանդիպման եզրափակիչ հայտարարության մեջ նշվում էր, որ ԵՄ-ն կվերադառնա այդ քննարկմանը հաջորդ գագաթնաժողովում։
The Wall Street Journal-ն էլ գրել է, որ Եվրամիությունը ստիպված կլինի դիմել Ուկրաինային աջակցելու կարճաժամկետ միջոցառումների, եթե «ռազմական վարկը» չհաստատվի։