Կարծում եմ՝ բոլորդ հետևում եք լրատվական դաշտին, և շատ ուժեր այնպիսի մտքեր ու հայտարարություններ են հնչեցնում, որոնք հակադարձում են հաստատված խաղաղությանը, և կարող է նմանատիպ քաղաքական ռեակցիա լինել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում կան ուժեր, որոնք ծանր հետևանքներով պատերազմ են նախապատրաստում:
Լրագրողը հետաքրքրվեց՝ ի՞նչ նկատի ունի վարչապետը, և արդյոք կա՞ն տվյալներ, թե ովքեր են հասարակության մեջ խուճապ տարածողները:
Նախարարը պարզաբանեց՝ որևէ խուճապի մասին խոսք չկա, վարչապետը փաստական առումով անդրադարձել է այն խոսույթին, որը կա այս պահի դրությամբ քաղաքական դաշտում, նաև քաղաքական արձագանք է տվել՝ որպես երկրի ղեկավար, և այս համատեքստում եթե այլ հանցագործության տարրերի հետ կապված հարցեր առաջանան, ՆԳՆ-ն հանդես կգա հաղորդագրությամբ:
«Կա նմանատիպ ազդակ, վարչապետը տվել է քաղաքական գնահատական, և իրավապահ համակարգը հանցագործության կոնկրետ տարրերի դեպքում կտա արդեն իրավական գնահատական»,- հայտարարեց նախարարը: