Նախարարությունը պատասխատանու չէ տեղում երեխաների նկատմամբ մոնիտորինգի համար: Դա համայնքային ֆունկցիա է, համայնքում աշխատող խնամակալության և հոգաբարձության մարմինն է պատասխանատուն: ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցում է այդ մարմնին և ունի խորհրդատվական ձայնի իրավունք: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով 1,5 տարեկան երեխայի ծեծի դեպքին: Լրագրողը հետարքրքվել էր՝ սոցաշխատողների թերացում կա՞ այս հարցում:
Ըստ նախարարի՝ անապահով ընտանիքները գնահատվում են տարեկան մեկ անգամ, և եթե լինում է որևէ ահազանգ, զբաղվում են երեխաների հարցով: Արսեն Թորոսյանն անձամբ մի քանի երեխաների դեպքով ամեն օր զբաղվում է:
«Պետք չէ ուռճացնել դժբախտությունը և սարքել, որ ամբողջությամբ այդպիսի վիճակ է հանրապետությունում: Դժբախտաբար, նման դեպքեր կան: Դժբախտաբար, ճգնաժամային կենտրոններում ունենք տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր երեխաներ, որոնց մասով մենք նախապես իմացել ենք, որ նման իրավիճակ է, և վերցրել ենք ընտանիքից՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների որոշման համաձայն, և պահում ենք մեր կենտրոններում:
Բայց նաև լինում են դեպքեր, որոնք գնահատվում են ոչ այդքան սուր, և չեն վերցվում երեխաները: Լինում են դեպքեր, երբ վերցնելուց հետո վերամիավորման մասին որոշումներ են կայացվում»,- ասաց նախարարը:
Նախարարը նաև ընդգծեց՝ սա մշտական գոծընթաց է, և ԱՍՀՆ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է նմանատիպ հարցերով:
Հիշեցնենք, որ օրերս «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված մեկամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո երեխայի մոտ պահպանվում է խոր կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։
Նշենք, որ երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով հՀ գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։