Կառավարության ճեպազրույցի ժամանակ, հղում անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե որոշ ուժեր իրենց առաջարկներով ուզում են սանձազերծել սեպտեմբերյան նոր պատերազմ, լրագրողը հետաքրքրվեց՝ որ ուժերի մասին է խոսքը, և որն է նրանց նպատակը: Փաշինյանը պատասխանեց. «Նպատակը շատ պարզ է. որովհետև նրանք խնդիր ունեն Հայաստանը պահել ծայրագավառի կարգավիճակում, ինչպիսին եղել է իրենց իշխանության շրջանում: Իրենք տեսել են, որ Հայաստանն անկախացել է, և խնդիր ունեն դրա հետ, որովհետև բոլորն էմիսարներ են, թույլ չտալով, որ Հայաստանն անկախանա»:
Փաշինյանը նաև նշեց, որ նկարներ, վերնագրեր է տեսել սոցիալական ցանցի նյուզֆիդում՝ «Ուժեղ խաղաղություն», «Ների՛ր մեզ, Արցա՛խ…» և այլ խորագրերով, որոնք, ըստ վարչապետի, խաղաղության ռևիզիայի մասին են:
«Այս ամեն ինչը խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու մասին է: Խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու փորձը պատերազմն է: Անմիջապե՛ս: Կամ ասում են՝ Արարատը մերն է, Դադիվանքը մերն է. դա պատերազմ է»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ են ընդդիմադիրները շահելու պատերազմից, Փաշինյանը նշեց. «Պատերազմից շահելու են այն, որ լինելու են ֆորպոստի, ոչ թե պետության կառավարիչ, որովհետև ժամանակը ցույց է տվել, որ իրենց դա ֆինանսապես ձեռնտու է:
Իմիջիայլոց, նրանք պահպանելու են որոշ երկրներում իրենց ունեցած միլիարդները, որովհետև նրանց ուղարկել են այստեղ, ասել են՝ եթե խնդիրը չլուծեք, այն, ինչ ֆորմալ ձեր անունով է գրված, այլևս չի լինի:
Հիմնական ուժերը՝ երեքն էլ, որոնք այդ դիրքից են հանդես գալիս, միլիարդների ունեցվածք ունեն Ռուսաստանում և Բելառուսում: Հիմա նրանց ասվել է՝ ուզո՞ւմ եք այդ ունեցվածքը պահել, աշխատե՛ք, քրտնե՛ք, վազե՛ք, ձգվե՛ք, упор лежа՝ 30 անգամ: Չեն կարողանալու: Մարդ չեմ տեսնում, որ կարող է 30 անգամ ձգվի, ոչ էլ 100 կմ հեծանիվ քշի»: