2021 թվականին Եվրոպական միությունը և Հայաստանի Հանրապետությունը ստորագրել են ՀՀ, ԵՄ և անդամ երկրների միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, որով սահմանված են ավիացիոն անվտանգության, անվտանգային և օդային երթևեկության կառավարման բարձր չափանիշներ: Համաձայնագրի դրույթներին համահունչ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ՀՀ օրենսդրությունը շարունակաբար համապատասխանեցնի ԵՄ ավիացիոն կանոնակարգերին և չափանիշներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, շրջակա միջավայրը, տնտեսական կարգավորումները, մրցակցությունը և այլն: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Նա առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողի խոսքով՝ նախագծով ուղևորների թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի ու բեռի նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն ապահովագրական ծածկույթը համապատասխանեցվում է այն փոփոխություններին, որոնք ընդունվել են Եվրոպական միության ու Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից 2024 թվականին: Նախաձեռնությամբ սահմանվում են պատասխանատվության միջոցները, կատարման ապահովման հիմքերը, ինչպես նաև վեճերի լուծման կարգը:
Նախաձեռնությունը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և ստացել դրական եզրակացություն:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Առևտրաարդյունաբերական պալատների մասին», «Պետական տուրքի մասին» և կից օրենքներում նախատեսվող փոփոխությունները:
Օրենսդրական փաթեթի ընդունումը միտված է ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգի պարզեցմանը, հստակեցմանը, կանոնակարգմանը և կատարելագործմանը, ինչպես նաև փորձաքննություն իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջների ու փորձագետների որակավորման և քննության անցկացման կարգի սահմանմանը:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից:
Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի ու ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթի քննարկումը: