Իրանը հաստատել է երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանիի զոհվելու մասին լուրերը: Իսրայելը պնդում է նաև, որ գիշերային հարվածների ընթացքում սպանվել է Իրանի հետախուզության նախարարը:
Կրեմլը դատապարտել է Իրանի ղեկավարների և առհասարակ այլ երկրների ղեկավարների սպանությունները, իսկ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի քաղաքական համակարգն ամուր կառուցվածք ունի, և այս կամ այն գործչի բացակայությունը չի կարող անդրադառնալ համակարգի ընդհանուր գործունեության վրա։
Նրա խոսքով՝ իրանցի պաշտոնյաները շարունակում են աշխատել՝ հանուն երկրի շահերի և պատրաստ են նաև անհրաժեշտության դեպքում իրենց կյանքը զոհել: Դիվանագետը նաև հայտարարել է, որ Իրանը չի համաձայնի հրադադարի որևէ առաջարկի, միակ ընդունելի տարբերակը պատերազմի ամբողջական դադարեցումն է:
Միևնույն ժամանակ, Լարիջանիի սպանությանն ի պատասխան՝ Իրանը կասետային մարտագլխիկներ կրող հրթիռներով թիրախավորվել է Թել Ավիվը և Ռամատ Գանը: Զոհվել է երկու մարդ: Իսրայելում ընդհանուր զոհերի թիվը հասել է 14-ի:
Անօդաչուներով թիրախավորվել է Իրաքում ԱՄՆ դեսպանատունը, որի հարևանությամբ հրդեհ է բռնկվել: Իրանական արկ է ընկել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Ավստրալիայի ռազմաբազայում: ԱԹՍ-ներ են որսացել նաև Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում:
Իսրայելն էլ հերթական անգամ հարվածել է Բեյրութին: Ըստ Լիբանանի իշխանությունների՝ երկրում զոհերի թիվը գերազանցել է 900-ը:
Իսկ Իրանում պատերազմի 19 օրվա ընթացքում ավելի քան 1300 մարդ է զոհվել: ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցի երկայնքով բունկերներում գտնվող իրանական հրթիռային օբյեկտների հարվածելու մասին: Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկացրել է, որ «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի տարածքում արկ է ընկել: Վնասներ չեն արձանագրվել: ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսին կրկին առավելագույն զսպվածության կոչ է արել՝ միջուկային աղետի վտանգը կանխելու համար:
Ընթացող ռազմական գործողությունների ֆոնին ՆԱՏՕ-ն Թուրքիա է ուղարկում երկրորդ «Փեթրիոթ» զենիթահրթիռային համակարգը: Այն կտեղակայվի Ադանայի նահանգի «Ինջիրլիք» ավիաբազայում:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: