Վրաստանի իշխանությունները պարտավորվել են կանխել Ռուսաստանի հետ կապված լցանավերի մուտքն իրենց ծովային տերմինալներ, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) խոսնակ Շիվոն Մաքգարին։
«Եվրոպական պատժամիջոցների ռեժիմի խախտումներ են եղել, և Վրաստանի իշխանությունները պարտավորվել են դադարեցնել ստվերային նավատորմին պատկանող նավթատարների մուտքն իրենց նավահանգիստներ»,- Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է մամուլի քարտուղարը:
ԵՀ խոսնակը հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթը պատրաստելիս նախատեսվում էր վրացական Կուլևի տերմինալը ներառել այն կազմակերպությունների ցանկում, որոնք, Բրյուսելի կարծիքով, նպաստում են Ռուսաստանի կողմից ԵՄ սահմանափակող միջոցառումների շրջանցմանը։
«Մենք չենք տատանվի վճռականորեն գործել ցանկացած կազմակերպության դեմ, որը կխաթարի մեր պատժամիջոցների ազդեցությունը»,- հավելել է Մաքգարին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը Վրաստանի Կուլևի նավահանգստում գտնվող նավթային տերմինալը հանել է Ռուսաստանի դեմ պատրաստվող պատժամիջոցների 20-րդ փաթեթից: Պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դևիդ Օ'Սալիվանը պարզաբանել է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, որը Կուլևի նավթային տերմինալի սեփականատերն է, պարտավորվել է խստորեն պահպանել ԵՄ պատժամիջոցները, ինչն էլ հանգեցրել է Կուլևի նավահանգստի բացառմանը 20-րդ պատժամիջոցների փաթեթից։