Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքի էջում տեսանյութ է տարածել, որում իր կարծիքն է հայտնում Ղարաբաղյան շարժման և արցախյան հիմնախնդրի մասին: Քաղաքական դաշտը, ըստ Փաշինյանի, դիրքավորվում է երկու տրամաբանության մեջ՝ խաղաղության կուսակցություն և պատերազմի կուսակցություն, և ժողովուրդը պետք է ընտրություն կատարի այս երկուսի միջև:
«Կտրիճ Ներսիսյանը հստակ ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, մնացածը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և մյուսները, տեղավորվում են այս տրամաբանության տակ:
Մենք պետք է շատ հստակ ընտրություն կատարենք՝ Ղարաբաղի շարժումը շարունակո՞ւմ ենք, թե՞ չէ, եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ: Չի կարող ուրիշ կերպ լինել»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ հայ հասարակությանը խաղաղությունն անծանոթ է, և որ խաղաղությունն ու պատերազմը չի տարբերել իրարից:
«Ժողովուրդը պետք է այս ընտրությունը կատարի: Ժողովուրդն առաջիկա ընտրություններին պետք է ասի՝ շարունակո՞ւմ է Ղարաբաղի շարժումը, թե՞ չի շարունակում, որովհետև եթե շարունակում է Ղարաբաղի շարժումը, նշանակում է՝ Կտրիճ Ներսիսյանի բուրգի ներքո գտնվող ուժերի օգտին պետք է քվեարկի: Եթե չի շարունակում Ղարաբաղի շարժումը, պետք է քվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, որովհետև «Քաղաքացիական պայմանագիրը» միակ քաղաքական ուժն է, որ հստակ ասում է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետք է չշարունակենք»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիրը» նաև միակ քաղաքական ուժն է, որն ասում է՝ նոր Սահմանադրության մեջ պետք է Անկախության հռչակագրին հղում չլինի, որովհետև Անկախության հռչակագրի տեքստը ոչ թե Անկախության հռչակագիր է, այլ կոնֆլիկտի, հակամարտության հռչակագիր: