Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Վերջինս ՀՀ ԱԳ նախարարին հյուընկալել է Բեռնի պատմական հատվածում գտնվող՝ Դաշնային խորհրդի պաշտոնական ընդունելությունների տանը՝ աշխատանքային ճաշի ձևաչափով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունն ու տարբեր ուղղություններով գործընկերության հետագա զարգացման պատրաստակամությունը: Այս համատեքստում ընդգծվել է Բեռնում դեսպանություն բացելու՝ ՀՀ կառավարության որոշման կարևորությունը՝ որպես երկկողմ օրակարգի ընդլայնման, բովանդակային հարստացման ուղղությամբ քաղաքական նշանակալի խթան:
Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը:
Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Շվեյցարիայի աջակցությունն ինչպես ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման, այնպես էլ հումանիտար հարցերի, Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրման ուղղությամբ:
Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքերն են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։