ՀՀ-ն պատրաստ է վիզաների ազատականացմանն այն տրամաբանության մեջ, որ մենք մտել ենք երկխոսության փուլ գործընկերների հետ, այսինքն՝ ունենք կամարտահայտություն վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու և կատարելու այն բոլոր միջոցառումները, որոնք գործընկերների համար կարևոր կլինեն այս երկխոսությունը տրամաբանական հանգուցալուծման հասցնելու տեսանկյունից: Այդ մասին ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Այս համատեքստում նախարարը հիշեցրեց, որ բիոմետրիկ համակարգը Հայաստանում կգործի 2026 թվականի աշնանը, երբ քաղաքացիները կստանան բիոմետրիկ անձնագրեր:
«Ինչո՞ւ է սա կարևոր ռեֆորմ: Որովհետև անձի ինքնությանը վերաբերող պրոցեսի հետ գործ ունենք, և շատ կարևոր է, որ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԵՄ-ն վստահ լինեն՝ մարդկային շարժի շրջանակներում հստակ է, թե որ անձի շարժի մասին ենք խոսում, և ինքնության կեղծիքները կկարողանանք բացահայտել»,- ասաց նա:
Նախարարը նկատեց, որ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ևս էական նշանակություն ունի վիզաների ազատականացման հնարավորությունը ճիշտ օգտագործելու համատեքստում: