Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորմանն աջակցելու նպատակով ՀՀ-ն համագործակցություն կհաստատի երկու հեղինակավոր բուհերի հետ: Այսօրվա երկու որոշումներով արդեն հնարավորություն ենք ստանում անցնել պայմանագրերի կնքմանը: Այդ մասին Կառավարության՝ մարտի 12-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Առաջին պայմանագիրը կկնքվի Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, որն առաջին հորիզոնականն է զբաղեցնում միջազգային վարկանշավորման համակարգերում՝ որպես արվեստի և դիզայնի բակալավրիական մակարդակում կրթական ծրագրերի լավագույն բուհ, իսկ QS վարկանշավորման համակարգում, ըստ որոշ տվյալների, երկրորդ հորիզոնականում է:
«Բացի դրանից՝ Լոնդոնի արվեստների համալսարանն անցել է սեփական ճանապարհը վերակազմակերպման, 6 առանձին հաստատությունների աստիճանական միավորման և ինտեգրման ուղղությամբ: Այդ իմաստով էլ գործնական շատ կարևոր փորձառություն է կրում»,- ասաց նա:
Երկրորդ պայմանագիրը կնքվելու է Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի հետ, որը, հիմնադրված լինելով 1847 թվականին, կատարողական արվեստների կրթության ոլորտում համաշխարհային առաջատարներից է:
«Սա այն եզակի հաստատություններից է, որ կրթական ծրագրեր է առաջարկում ինչպես կատարողական, այնպես էլ արտադրական արվեստների ուղղություններով»,- ասաց նա:
Շոտլանդայի թագավորական կոնսերվատորիայի հետ պայմանագրի արժեքը նախատեսվում է մինչև 371 հազար 325 բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամի շրջանակում, իսկ Լոնդոնի համալսարանի հետ պայմանագրի արժեքը՝ մինչև 368 հազար 778 բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամի շրջանակում: Համագործակցությունը նախատեսված է 3 փուլերով 24 ամիս ժամկետով: Ըստ այդմ՝ նախատեսվում է հայեցակարգի մշակում, նաև աշխատանքներ՝ կարողությունների զարգացման ուղղությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց աշխարհի առաջատար փորձի հետ հաղորդակցություն ունենալու հանգամանքը, այն է՝ նմանատիպ կրթական հաստատությունների ինֆորմացիային և փորձին հասանելիություն ունենալը՝ միաժամանակ ընդգծելով, որ համագործակցության շրջանակում մասնագետների այցելություններ կլինեն Հայաստան, նաև Հայաստանից ուսանողների խմբեր կայցելեն այդ հաստատություններ:
Թեմայի շրջանակում վարչապետ Փաշինյանը հետաքրքրվեց նաև Ակադեմիական քաղաքի մասով աշխատանքների ընթացքից: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց՝ արդեն հաստատվել է Ակադեմիական քաղաքի զարգացման լրացված հայեցակարգը, որն ամբողջությամբ հիմնվում է մինչ այս կատարված աշխատանքների վրա և նկարագրում է ծրագրի իրականացման փուլերը: Ըստ այդմ՝ առաջին փուլում կկառուցվեն ուսանողական կացարաններ առնվազն 3600 ուսանողի համար, բազմաֆունկցիոնալ մշակութային սրահ, որը կօգնի տարածքը դարձնել գրավիչ քաղաքացիների և միջոցառումների անցկացման համար:
Ըստ նախարարի՝ առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2030 թվականը: Զուգահեռ ընթանում են տարածքի մաքրման և ՀԷՑ-ի համապատասխան գծերի տեղափոխման աշխատանքներ: