ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2024 թվականի հունվարի 15-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Բավրայի մաքսային բաժնի 5 տեսուչ վիճելով Վրաստանից Հայաստան վերադարձող 4 անձի հետ՝ բռնություն են գործադրել նրանց նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
«Նախաքննության ընթացքում 5 մաքսային տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: