Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, այո՛, հաստատված է, բայց այն ամենօրյա խնամքի կարիք ունի, հակառակ դեպքում շատ արագ կփլուզվի, այնպես, ինչպես բոլորիս աչքի առաջ օրերի ընթացքում պատերազմի հորձանուտ են մտնում տասնամյակներով կայուն տարածաշրջաններ։ Այդ մասին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր կարևոր խնդիրներից է այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն՝ նրանց սին հույսեր տալով։
Մեր ռազմավարությունն այս հարցում շատ հստակ է․ ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում։ Մենք արդեն սկսել ենք նրանց բնակավորման ծրագիրը, որի շահառու են դարձել 4886 ընտանիքներ։ Մենք մեր միջազգային գործընկերների հնարավորինս մեծ աջակցության կարիքն ունենք խաղաղության ամրապնդմանն ուղղված այս խնդիրը լուծելու համար»,- ասաց նա։
Փաշինյանն անդրադարձավ նաև այն քննադատությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կատարյալ չէ։
«Մեզ քննադատում են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կատարյալ չէ։ Խնդրում եմ ասեք՝ իսկ որտե՞ղ է խաղաղությունը կատարյալ, որտե՞ղ կա կատարյալ խաղաղություն և որտե՞ղ է եղել ու ե՞րբ։
Ընդհակառակը՝ խաղաղության նկատմամբ խնամք տանելու կամքն է, որ այն կատարյալին հնարավորինս մոտ կարող է դարձնել»,- ասաց նա։