Ընդհանրապես բանակ ասելով՝ հասկանում են զենք-զինամթերք, հատուկ ծառայություններ, օպերատիվ գործողություններ և այդպես շարունակ: Մենք 30 տարի այդ ընկալման մեջ ենք եղել: Այդ մասին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում շատ է խոսվում անվտանգության երաշխիքների մասին: Ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է: Չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան խաղաղությունն է:
Երկրորդ շերտի անվտանգության երաշխիքը համագործակցությունն է, փոխկապակցվածությունը, տնտեսական համագործակցությունը և փոխշահավետությունը»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ հասկանալով, որ բանակի զարգացումը շատ կարևոր է, և որ դա յուրաքանչյուր ինքնիշխան երկրի ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունը, անվտանգության ընկալումները փոխվում են ժամանակի հետ՝ ռազմականից դառնալով քաղաքական և դիվանագիտական:
«Հայաստանի ներսում էլ այս մասին խոսելիս ասում եմ, որ բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ, երբ որևէ պայմաններում խաղաղության առաջնային գործիքները հանկարծ չաշխատեն»,- ասաց նա: