Մարտի 6-ին՝ ժամը 9․30-ին, Ոստիկանության Գվարդիայի գնդի 1-ին գումարտակի ծառայողները Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնելիս նկատել են միմյանց քաշքշող մի խումբ քաղաքացիների։ Բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նրանք հնչեցրել են հայհոյանքներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Ոստիկանության գվարդիայի ծառայողները Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմաց խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Մարաշի բաժին են տեղափոխել 7 քաղաքացու։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ծառայողները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի 37, 39, 48, 69 տարեկան 4 տղամարդ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Նոր Խարբերդի 17-ամյա, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի 23-ամյա, Արարատի մարզի, Գետազատ գյուղի 28-ամյա բնակիչ 3 երիտասարդի հետ։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։