Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողների հետ ոլորտային հանդիպումների կազմակերպումը՝ խթանելով բաց երկխոսությանն ու արդյունավետ գործընկերային միջավայրի ձևավորմանը։
Այս նպատակով օրերս ՊԵԿ-ում ոլորտային հանդիպում-քննարկում է տեղի ունեցել կահույքի արտադրության, ներմուծման և իրացման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայ կահույքագործների ասոցիացիայի նախագահն ու ասոցիացիայի որոշ անդամներ:
«Հավասար, արդար և մրցակցային միջավայրի ապահովում, հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային միջավայրի ստեղծում և պահպանում» թեմայով հանդիպման առանցքում ոլորտի բոլոր տնտեսվարողների համար արդար, թափանցիկ և հավասար տնտեսական միջավայրի ձևավորման ապահովումն է։
Հանդիպմանը կարևորվել է կահույքի և, առհասարակ, բոլոր ոլորտներում հարկային կամավոր կարգապահության բարելավմանն ուղղված քայլերը, որոնք պետք է շարունակական լինեն։ Ընդգծվել է, որ հարկային կարգապահության բարձրացման և ռիսկերի արդյունավետ գնահատման համատեքստում անհրաժեշտ է մեծացնել ոլորտային վերլուծությունների դերը՝ զուգահեռաբար լավարկելով նաև վարչարարական գործիքակազմը, ինչը հնարավորություն կտա հստակ տարանջատել կարգապահ հարկ վճարողներին ոչ կարգապահներից՝ երաշխավորելով կարգապահ հարկ վճարողների գործունեությանն անհարկի միջամտելու դեպքերի բացառումը:
Հարկային կամավոր կարգապահության արմատավորման ճանապարհին կարևոր դերակատարում ունեն նաև ոլորտի առավել կարգապահ տնտեսվարողները՝ որպես օրինակ ծառայելով ստվերում գործող տնտեսվարողների համար։
Հանդիպման ընթացքում գործարարները բարձրաձայնել են ոլորտին բնորոշ խնդիրները, այդ թվում՝ օրենսդրական կարգավորումների վերաբերյալ, ներկայացրել առաջարկներ և դիտարկումներ, որոնք գույքագրվել են ՊԵԿ մասնագետների կողմից՝ հետագայում քննարկելու և, հնարավորության դեպքում, Կոմիտեի լրազորությունների և գործառույթների շրջանակում, համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով։ Բարձրացված հարցերի մի մասին տեղում տրվել են համարժեք պարզաբանումներ։
Ներկաների բնորոշմամբ՝ նման անմիջական մթնոլորտում անցկացված քննարկումները հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ու փոխադարձ վստահության խթանմանն ուղղված կարևոր հարթակ են՝ ոլորտային խնդիրները համատեղ քննարկելու, լուծման հնարավոր տարբերակները նախանշելու, կամավոր կարգապահությանը խոչընդոտող հնարավոր ռիսկերը վերհանելու համար։
Միջոցառման ավարտին Կոմիտեի մասնագետները վերահաստատել են շարունակական երկխոսության և գործընկերային համագործակցության խորացման իրենց պատրաստակամությունը՝ ընդգծելով հարկ վճարողների կողմից ՊԵԿ-ը որպես գործընկեր կառույց դիտարկելու կարևորությունը։