Նախիջևանում օրերս ԱԹՍ-ների հարձակման ֆոնին սրվում է Բաքու-Թեհրան լարվածությունը: Բաքուն տարհանել է իր դիվանագիտական ներկայացուցիչներին Թեհրանում գտնվող դեսպանատնից և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունից:
Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ երկրի պետական անվտանգության ծառայությունն էլ կանխել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծրագրած ահաբեկչական մի շարք հարձակումներ:
Նշվում է, որ թիրախում են եղել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը, կրոնական համայնքի ներկայացուցիչներ:
Ըստ ադրբեջանական կողմի՝ ԻՀՊԿ-ն Ադրբեջանի տարածք է տեղափոխել պայթուցիկ սարքեր:
Ադրբեջանական պետական ԶԼՄ-ների տվյալով՝ կան ձերբակալվածներ Ադրբեջանի քաղաքացիների շրջանում՝ ԻՀՊԿ-ին օգնելու կասկածանքով:
Թեհրանից դեռևս չեն մեկնաբանել այդ տեղեկությունները: