ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Դիլիջանի և Աշտարակի բնակիչ երկու երիտասարդ, երկուսն էլ 23 տարեկան, ձեռք են բերում խոշոր չափի թմրամիջոցներ և մանր չափաբաժիններով տեղադրելու միջոցով իրացնում։
«Ստուգումներից հետո քրեական ոստիկանները փետրվարի 8-ի երեկոյան մայրաքաղաքի Արարատյան և Շիրակի փողոցներում կանգնեցրել են նրանց վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենան։ Սակայն երիտասարդները դիմել են փախուստի՝ հետապնդման ընթացքում թողնելով մեքենան։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Փետրվարի 23-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 100 գրամից ավելի մեթամֆետամին և մարիխուանայով 28 փաթեթ՝ ընդհանուր 52 գրամ քաշով։ Փետրվարի 26-ին դիլիջանցին ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած հերթական օպերատիվ տվյալն իրացրին փետրվարի 22-ին։ Ժամը 12․20-ին Շիրազի փողոցում ձերբակալվեցին և վարչություն տեղափոխվեցին մայրաքաղաքի Չեխովի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդն ու նրա 23-ամյա կինը։
Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 7 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով։ Նույն պարունակությամբ 10 փաթեթ էլ հայտնաբերվեց կնոջ խուզարկությամբ։ Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը մոտ 40 գրամ էր։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տարբեր վայրերում հայտնաբերվեց արդեն տեղադրված ևս 5 փաթեթ։
Ամուսինների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունը՝ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները փետրվարի 24-ին՝ գիշերվա ժամը 2-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով մայրաքաղաքի Մարգարյան փողոցում ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 30 և 28 տարեկան երկու տղամարդու։
28-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց 177 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, դատարանի որոշմամբ երկուսն էլ կալանավորվել են։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։