Ամերիկյան բրենդավորում, մոսկովյան տպագրություն, Գավառի «գրանցում»․ Երևանում անվճար տարածվող Wyoming Star թերթի հետքերը տանում են դեպի Մոսկվա։ Անհայտ խմբագիրներ, կասկածելի հեղինակներ և չգրանցված ԱՁ․ Factor TV-ի ուսումնասիրությունը բացահայտում է նախընտրական շրջանում հայտնված թերթի ծագումը, տարածման մեխանիզմներն ու ենթադրյալ նպատակները։
Թերթում հրապարակված բոլոր հոդվածներն անստորագիր են և աչքի են ընկնում ՀՀ իշխանությունների հասցեին քննադատական երանգներով։ Նյութերից մեկը անդրադառնում է հայ արքեպիսկոպոսի ձերբակալությանը և պնդում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական ճնշումներ է գործադրում ընդդիմության նկատմամբ։ Հոդվածներում հիշատակվում են տարբեր փորձագետներ, սակայն նրանցից մի քանիսի մասին իրական տվյալներ չեն հայտնաբերվել։
Մեկ այլ հրապարակում վերաբերում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցին։ Հոդվածում նշվում է, թե Հայաստանի իշխանությունները կորցրել են սուբյեկտայնությունը և կատարում են Վաշինգտոնի հրահանգները։ Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի հետ փոքր մոդուլային ատոմակայանների կառուցման ծրագիրը կարող է վտանգավոր լինել։
Թերթի վերջին էջում որպես պատասխանատու նշված է Վանիկ Շուքուրյանը՝ որպես Գավառում գրանցված ԱՁ, սակայն պետռեգիստրում նման տվյալներով ձեռնարկատեր չի հայտնաբերվել։ Factor TV-ի հետ զրույցում Շուքուրյանը ասել է, որ թերթը Մոսկվայից է գալիս, և ինքը միայն թարգմանում ու բերում է այն Հայաստան։ Նա նաև նշել է, որ ֆինանսավորումը կատարվում է «արտերկրում ապրող հայերի» կողմից, սակայն կոնկրետ անուններ չի նշել։
Wyoming Star-ը ունի նաև կայք, որը ստեղծվել է 2025 թվականի փետրվարին։ Կայքում բացակայում են խմբագրի, հիմնադրի և իրավաբանական տվյալների մասին տեղեկությունները։ Հոդվածների հիմնական հեղինակներ նշված են Ջո Յանսը և Միշել Լարսենը, սակայն նրանց մասին վստահելի տեղեկություններ չեն հայտնաբերվել, իսկ կենսագրությունները, ըստ ուսումնասիրության, հավանաբար ստեղծվել են արհեստական բանականությամբ։
Factor TV-ի գնահատմամբ՝ թերթի հրապարակումները կառուցված են նույն գաղափարական առանցքի շուրջ՝ Փաշինյանի իշխանությունը կորցրել է ինքնուրույնությունը, Արևմուտքի հետ համագործակցությունը վտանգավոր է, իսկ Ռուսաստանից հեռանալը կարող է վնասել Հայաստանին։ Այս նարատիվները նման են ռուսական դաշնային հեռուստաալիքներում տարածվող խոսույթներին։
Ուսումնասիրության համաձայն՝ սա կարող է դիտարկվել որպես օտարերկրյա տեղեկատվական ազդեցության օրինակ, երբ բովանդակությունը ներկայացվում է որպես «անկախ» կամ «միջազգային» աղբյուրից եկող տեղեկատվություն՝ իրական աղբյուրը թաքցնելու նպատակով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: