ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը չնախատեսված այց է կատարել հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Նախարարի տեղակալը կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանի ուղեկցությամբ շրջել է հաստատությունում, հանգամանորեն տեղեկացել առկա խնդիրներից, զրուցել մանկավարժների և սովորողների հետ: Արաքսիա Սվաջյանը սովորողների հետ զրույցում հետաքրքրվել է ուսումնական պրոցեսում նրանց լիարժեք ներգրավվածության, հաճախելիության, մասնագիտական ընտրության մոտիվացիայի, հարակից զբաղվածության, գերակա ուղղություններով սովորողների առաջադիմության, հետագա գործունեության մասին ունեցած պատկերացումների մասին:
Սովորողները պատմել են տվյալ մասնագիտությունն ընտրելու իրենց որոշման, մոտիվացիայի, առաջիկա ծրագրերի, մասնագիտական իրացման ուղղված իրենց պատկերացումների և նախասիրությունների մասին:
Նախարարի տեղակալը հորդորել է բոլոր ջանքերը ներդնել լավ սովորելու և՛ հանրակրթական, և՛ մասնագիտական ծրագրերը, ընտրած մասնագիտության մեջ դառնալ պահանջված և հմուտ մասնագետ:
«Տարբեր գործատուների հետ քննարկումները փաստում են, որ գրեթե բոլոր մասնագիտությունների ուղղություններով առկա է արհեստավարժ և բանիմաց մասնագետների մեծ պահանջարկ: Գործատուներն ակնկալում են այդ աշխատատեղերը համալրել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներով: Հետևաբար, ձեր հետագա աշխատանքային գործունեության հաջողությունը մեծապես կապված է ուսումնառության փուլում ստացած գիտելիքների հետ, որոնք հետագայում պետք է կիրառվեն գործնականում»,- ասել է նախարարի տեղակալը և հաջողություններ մաղթել սովորողներին ուսումնառության և մասնագիտական առաջխաղացման գործում:
Նշենք, որ hանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրում սովորում են 130 սաներ, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 28 սովորող: