ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավորապես՝ 30 օրով, վերացրել է հնդկական նավթավերամշակման գործարանների համար ռուսական նավթի գնման արգելքը: Այդ մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Հնդկաստանը կկարողանա ռուսական նավթ գնել ծովում արգելափակված լցանավերից, քանի որ նրանց սովորական ծովային երթուղիները փակ են կամ չափազանց ռիսկային են համարվում:
ԱՄՆ ֆինանսների նախարարը դա անվանել է մատակարարումների վրա ճնշումը մեղմելու կարճաժամկետ միջոցառում և վստահեցրել է, որ այն «էական ֆինանսական օգուտ չի բերի Ռուսաստանի կառավարությանը»։
Որոշումն ընդունվել է Իրանի հետ պատերազմի և համաշխարհային էներգետիկ շուկաներում առաջացած լուրջ խափանումների պատճառով՝ Հորմուզի նեղուցի արգելափակման ֆոնին:
Բեսենթն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Հնդկաստանը համարում է կարևոր գործընկեր, և հույս ունի, որ Նյու Դելին կավելացնի ամերիկյան նավթի գնումները։