ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:
Գևորգ Մանթաշյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերը՝ առանձնացնելով տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության նախաձեռնությունները։
Մասնավորապես, ներկայացվել են Հայաստանի ձեռքբերումները ինժեներական նախագծման, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D), ինչպես նաև ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղություններով։ Քննարկվել են նաև տեխնոլոգիական ոլորտի ռազմավարական առաջնահերթությունները, այդ թվում՝ բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքների ստեղծման նախաձեռնությունները։ Ոլորտի զարգացման համատեքստում կարևորվել է տվյալների կենտրոնների հիմնումը, ենթակառուցվածքների ընդլայնումն ու բարձրակարգ մասնագետների պատրաստումը։
Դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։ Ներկայացնելով Շվեյցարիայի տեխնոլոգիական ներուժը՝ դեսպանը խոսել է Շվեյցարիայում այս տարի հուլիսին և հաջորդ տարի կայանալիք արհեստական բանականության համաժողովի մասին՝ ընդգծելով, որ այն նոր հնարավորություններ կբացի տարբեր ուղղություններով համագործակցության խորացման համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ստարտափների միջև համագործակցության, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D), թվայնացման, արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։ Առանձնահատուկ շեշտադրվել է էներգետիկ նոր լուծումների ներդրման և տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը, որոնք առանցքային նշանակություն ունեն արդի տվյալների կենտրոնների և բարձր տեխնոլոգիական նախագծերի կայացման գործում։
Դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ լիազորությունների շրջանակում նպաստելու երկու երկրների միջև տեխնոլոգիական գործընկերության խորացմանն ու ընդլայնմանը։