Անհայտ անձինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դոմեյնին նման հասցեով էլեկտրոնային փոստ են բացել և կուսակցության ու պատգամավոր Մարիա Կարապետյանի անունից նամակներ են ուղարկում տարբեր անձանց՝ նպատակ ունենալով ձեռք բերել տվյալներ։ Այս մասին տեղեկացրել է ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ այդ նամակները որևէ կապ չունեն կուսակցության կամ պատգամավորի հետ, և կոչ արել չմտնել նամակագրության մեջ։
«Հարգելի քաղաքացիներ, մեդիայի և ՀԿ հարգելի ներկայացուցիչներ, վերջին օրերին դեռևս անհայտ խաբեբաներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դոմեյնին շատ նման
civilcontact.am (իրականը՝
civilcontRact.am) դոմեյնով էլփոստ են բացել ու Կուսակցության և պատգամավոր Մարիա Կարապետյանի անունից նամակներ են ուղարկում տարբեր անձանց, որոնց վերջնանպատակը, որքան հասկանում ենք, տվյալների ֆիշինգն է։
Թե՛ դոմեյնը, թե՛ էլփոստը և թե՛ նամակների բովանդակությունը որևէ կապ չունեն «Քաղաքացիական պայմանագրի» և Մարիա Կարապետյանի հետ։ Ավելին՝ Մարիա Կարապետյանը Կուսակցությունում չի զբաղեցնում այն պաշտոնը, որը նշված է էլփոստում։
Խնդրում եմ՝ զերծ մնալ այս նամակագրության մեջ մտնելուց և նման նամակ ստանալու պարագայում տեղեկացնել Կուսակցությանը»,- գրել է Ալեքսանյանը։