ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, Ճանապարհային դեպարտամենտի այլ պատասխանատուներ։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր։ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի տրանսպորտի և կապի հարցերով ղեկավար Արթուր Առաքելյանը ներկայացրել է այս շաբաթ շինհրապարակ կատարած իրենց այցելության մանրամասները։
Նշվել է, որ շինարարությունը թևակոխում է առավել ակտիվ փուլ, և այս համատեքստում հատկապես կարևորվում է շինաշխատանքների ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ինժեների թիմի աշխատանքը։
Ներկաները մանրամասն անդրադարձել են շինարարությանն առնչվող մի շարք տեխնիկական, կազմակերպչական հարցերի։ Մասնավորապես, տեղեկացվել է, որ առաջիկայում փորձարկվելու են կառուցվող կամուրջների հեծանները, և դրական եզրակացությունից հետո կսկսվի դրանց տեղադրումը։ Արծարծվել է ծրագրերի շրջանակներում նորարարական լուծումների կիրառման հնարավորությունը, ինչը կնպաստի ճանապարհային ենթակառուցվածքների կառավարման արդյունավետության բարձրացմանը։
Անդրադարձ է եղել նաև Քաջարանի թունելի կառուցման ծրագրին, որի մրցութային գործընթացներն այժմ ամփոփման փուլում են։
Հիշեցնենք, որ Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերն իրականացվում են Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ,- նշված է հաղորդագրության մեջ։