Պետական կառավարման համակարգը սկսեց շատ ավելի մոտիվացված աշխատել, երբ մենք նախորդ տարվա մարտ-ապրիլից սկսեցինք քննարկել արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգ ներդնելու մասին: Արդեն մարտ-ապրիլից մեր ամբողջ պետական համակարգը գիտեր, որ վարձատրության համակարգ է փոխվելու, և այդ վարձատրության համակարգն ուղիղ ձևով կապվելու է ցույց տված արդյունքների հետ: Այդ մասին Կառավարության՝ մարտի 5-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տնտեսական աճ, այն էլ՝ 2 տոկոս. շատ մեծ տոկոս է: Երկրներ կան, որ տարեկան 2 տոկոս տնտեսական աճ են ունենում, հիմնականում բարձր զարգացվածության շեմ ունեցող երկրներն են: Շատ ուրախանում են: Սա շատ մեծ տոկոս է:
Ես համոզված եմ, որ գործոններից մեկը, որը բերել է նրան, որ այսօր կարող ենք սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնել, վարձատրության նոր համակարգն է, որի ներդրումը սկսել ենք անցյալ տարվա առաջին կեսից»,- ասաց նա՝ նշելով, որ խոսքը պարգևավճարների համակարգի մասին է, որը միլիոնավոր դրամներ է բաշխում պետական պաշտոնյաներին:
«2025 թվականի բյուջեով պետական համակարգի պահպանման ծախսերը 6,5 միլիարդ էր, մենք հենց պետական համակարգից կրճատեցինք, ռեզերվ արեցինք, 3,5 միլիարդն ուղղեցինք պետական կառավարման համակարգը առավել արդյունավետ դարձնելուն, և հիմա 78 մլրդ, այդ թվում՝ դրա արդյունքում, շատ կոնկրետ տալիս ենք մեր թոշակառուներին...
Շատ ուրախ եմ, որ ես ինքս այդ որոշումները կայացրել եմ, որովհետև ես հիմա տեսնում են այդ որոշումների պատճառահետևանքային կապը: Այդ որոշումն է, որ հնարավորություն է տալիս պեռաշկի ուտել, որովհետև ես գիտեմ, որ երկրում ինստիտուցիոնալ մակարդակի կայացման ավելի բարձր մակարդակ կա, և ես կարիք չունեմ ամբողջ գիշեր ասելու՝ տեսնես՝ էն մեկն ի՞նչ է անում: Գիտեմ, որ համակարգը մոտիվացված աշխատում է: Սա պետության հատկանիշ է: Ի վերջո, վարչապետը և նախարարները մեծ մասամբ քաղաքական գործիչներ են, փոքր մասամբ՝ վարչարար»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ այսօր համակարգին գերկենտրոնացած պաշտոնյա է պետք, պաշտոնյայի ընտանիքի անդամը նույնիսկ իր աշխատանքից պետք է չկարողանա շեղել:
«Սա մի բանի մասին է վկայում. որ մենք՝ որպես պետություն, բավարար չափով լրջացել ենք»,- հայտարարեց Փաշինյանը: