Մի քանի տարի առաջ ՀՀ-ն ուներ անվտանգության երաշխավոր՝ գրած թղթի վրա: Մենք հրաժարվեցինք այդ անվտանգության երաշխավորից և դարձանք պետություն, որովհետև այդ անվտանգության երաշխավորի երաշխավորության ամբողջ շրջանում մենք չենք եղել պետություն: Մեզ վրա խաբար էլ չի եղել, որ մենք պետություն չենք: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի՝ Փաշինյանին առնչվող մի մեջբերմանը, թե կարևոր է, որ լինեն պայմանավորվածության երաշխավորներ, որպեսզի, օրինակ, խաղաղության մասին պայմանավորվածությունը գործի, մինչդեռ հիմա Փաշինյանն այլ կերպ է մտածում:
«Փոփոխվող աշխարհում նա, ով չի փոխվում, արժանանալու է դինոզավրի ճակատագրին: Այո՛, չեմ բացառում, որ 6 ամսվա ընթացքում, 6 ժամվա ընթացքում կարող է իրադրությունն այնպես փոխվել, որ շատ գնահատականներ վերափոխես: Այն երկրները, որոնք այդպիսին չեն, հայտնվում են բաստուրմայի կարգավիճակում, որոնց մանր-մանր կտրտում են»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ իմացությունը ճանապարհ է, և ասացվածքի համաձայն՝ տգետ է նա, ով չի փոխվում. «Եթե աշխարհի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ մեր ինստիտուցիոնալ պատկերացումները մնային այնպիսին, ինչպիսին էին 2018, 2019, 2020 թվականներին, այսօր ՀՀ-ն չէր կարող լինել»: