TRIPP-ը ոչ միայն Սյունիքի, այլև Հայաստանի Հանրապետության վրա ունի շատ մեծ, դրական ազդեցություն՝ ի դեմս խաղաղության հաստատման, որովհետև նաև այդ նախագծի միջոցով է, որ մեր երկրում արդեն օգոստոսի 8-ից հետո խաղաղություն է հաստատվել: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի ազդեցություն կունենա TRIPP նախագիծը Սյունիքի մարզի վրա:
«Խաղաղությունը, բնականաբար, մենք դեռ պետք է ինստիտուցիոնալացնենք, ամրապնդենք, ուժեղացնենք, բայց նաև մեր քաղաքականությունների արդյունքում է, որ արդեն երկու տարուց ավելի է, ինչ մեր երկրի սահմաններին մարտական պայմաններում զոհ չունենք»,- ասաց նա:
TRIPP-ի շնորհիվ, ըստ Պապոյանի, ներդրումներն արդեն իսկ կան երկրում: 2025 թվականը լավ ցուցանիշներով է ամփոփվել՝ 7,2 տնտեսական աճ, թվերը առաջիկայում կհրապարակվեն: Ըստ նախարարի՝ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը աշխարհի լավագույն ցուցանիշներից մեկն է լինելու, իսկ Հայաստանից բարձր տնտեսական աճ ունեցող երկրների թիվը շատ մեծ չէ: Լավ է մեկնարկել նաև 2026 թվականը: Հունվարին 7,6 տոկոս տնտեսական ակտիվություն է եղել:
«Աշխարհում տեղի են ունենում աշխարհաքաղաքական իրադարձություններ, որոնց վրա մեր ազդեցությունը սահմանափակ է: Բայց հուսով ենք՝ ամեն ինչ խաղաղ հանգուցալուծում կունենա, և մեր տնտեսական լավ տեմպը, որը վերցրել ենք, կշարունակենք ոչ միայն 2026-ին, այլև հաջորդ տարիներին»,- ասաց նա: