Ազգային ժողովը մարտի 4-ի նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
Վերջինիս համաձայն՝ ոռոգման և ջրամատակարարման, ջրահեռացման ծառայությունների մատուցման որակը բարձրացնելու նպատակով ՀՀ-ին կտրամադրվի 70 մլն 400 հազար եվրոյի վարկ: Ծրագիրը համաֆինանսավորելու է նաև Զարգացման ֆրանսիական գործակալությունը: Այս դեպքում ևս գումարի չափը մոտ 70 մլն եվրո է: Համաձայնագրով զգալի միջոցներ են ուղղվելու ենթակառուցվածքների արդիականացմանը, բայց նաև soft բաղադրիչի ներդրմանը, այն է՝ ռազմավարական ծրագրերի մշակում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, քաղաքականությունների վերանայում, ազգային կենտրոնի ստեղծում:
Նախագիծն ընդունվեց 66 կողմ, 18 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:
Առաջին ընթերցմամբ քննարկվեց և ընդունվեց ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» նախագիծը, համաձայն որի՝ մոպեդները, տրիցիկլները և կվադրիցիկլները ևս պարտադիր ապահովագրության կենթարկվեն:
Նախագիծն ընդունվեց 66 կողմ, 0 դեմ, 22 ձեռնպահ ձայներով:
Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերի թվում է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը, որն ԱԺ-ում ներկայացրել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել զինծառայողների ատեստավորման գործընթացը, պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների հետագա պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
Նախագիծն ընդունվեց 68 կողմ, 0 դեմ, 20 ձեռնպահ ձայներով: