Պարսից ծոցի մի շարք երկրներ՝ Կատարը, Քուվեյթը, Օմանը, Հորդանանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, պնդում են, որ մարտի 2-ի վաղ առավոտյան և նախորդ օրվա գիշերն Իրանից արձակված հարյուրավոր բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են որսացել։ Վնասվել են Պարսից ծոցի քաղաքացիական ենթակառուցվածքները՝ օդանավակայաններից և նավահանգիստներից մինչև բնակելի շենքեր ու հյուրանոցներ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է, որ իր երկիրը հարձակվում է հարևան պետությունների վրա: «Մենք չենք հարձակվում Պարսից ծոցում մեր հարևանների վրա: Մեր թիրախն ԱՄՆ օբյեկտներն են այդ պետություններում։ Հարևանները պետք է իրենց բողոքներն ուղղեն այս պատերազմում որոշում կայացնողներին»,- ասել է նա «Ալ Ջազիրա»-ի հետ հարցազրույցում։
Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը տեսակոնֆերանս է անցկացրել, որից հետո անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները հայտարարել են, որ «կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրենց անվտանգությունն ու կայունությունը պաշտպանելու համար, ներառյալ՝ ագրեսիային արձագանքելու տարբերակը»։