Օմանի ծովային անվտանգության կենտրոնը կիրակի հայտարարել է, որ Պալաուի դրոշի ներքո նավարկող Skylight նավթատարը հարձակման է ենթարկվել Օմանի Մուսանդամից մոտ հինգ ծովային մղոն հեռավորության վրա։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Հարձակումը տեղի է ունեցել այդ երկրի Դուքմ առևտրային նավահանգստի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո։
Օմանի Մուսանդամ թերակղզին Հորմուզի նեղուցը կիսում է Իրանի հետ։ Այն կարևոր ռազմավարական նշանակության անցակետ է, որի միջով անցնում է համաշխարհային նավթի սպառման մոտ մեկ հինգերորդը։
Skylight-ի 20 հոգանոց անձնակազմը տարհանվել է հարձակումից հետո, հայտնել է Օմանի ծովային անվտանգության կենտրոնը X-ում հրապարակված գրառման մեջ։ Օմանի ծովային անվտանգության կենտրոնը չի մանրամասնել, թե ինչն է հարվածել նավթատարին։