ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը և ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Լիա Հայրապետյանը Ալմաթի քաղաքում մասնակցել են CCAMTAC տարածաշրջանային կենտրոնի կողմից կազմակերպված «Մակրոֆիսկալ գործընկերային ցանցի» բարձր մակարդակի երրորդ հանդիպմանը։ Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:
Հանդիպումը նվիրված էր տարածաշրջանի երկրների միջև պետական մասնակցությամբ ընկերությունների սեփականության կառավարման ոլորտում առանցքային հարցերի քննարկմանը և փորձի փոխանակմանը։ Մասնավորապես, քննարկվել են պետական մասնակցությամբ ընկերությունների դերը տնտեսությունում, պետական սեփականության նպատակները, ինչպես նաև ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները։
Քննարկումների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանի Հանրապետության փորձը պետական մասնակցությամբ ընկերություններին ուղղված սեփականության քաղաքականության մշակման և ներդրման գործընթացում։
Նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը մասնակցել է բարձր մակարդակի պանելային քննարկմանը՝ պատասխանելով պետական մասնակցությամբ ընկերությունների սեփականության կառավարման ոլորտի՝ Հայաստանի բարեփոխումների փորձին առնչվող հարցերին: