Եղել են օբյեկտիվ հանգամանքներ, որոնք նոր են ի հայտ եկել. դա 2025 թվականի տնտեսական աճի ցուցանիշն է, որը մեզ հիմք է տալիս հարկաբյուջետային քաղաքականության մասով այլ հետևություններ անել, որոնք մինչև այդ ավելի ռիսկային էին թվում: Այդ մասին Կառավարության ճեպազրուցի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացմանն առնչվող որոշմանը և այն հիմքին, որի շնորհիվ կայացվել է այս որոշումը:
«Որոշում է կայացվել, որ գրեթե բոլոր կենսաթոշակները (խոսքը 667 հազար մարդու է վերաբերում) բարձրանալու են 10 հազար դրամով, իսկ որոշ կենսաթոշակներ ավելանալու են ավելի շատ: Մենք ունենք դեպքեր, որ բարձրանալու է մինչև 10-յակ հազար դրամներ, այսինքն՝ կերակրող կորցնողի և այլն:
Շատ քիչ դեպքերում այդ բարձրացումը կարող է լինել 7000-8000 դրամ: Խոսքը վերաբերում է փոքրաթիվ այն քաղաքացիներին, որոնք արդեն իսկ բարձր կենսաթոշակ են ստանում, այսինքն՝ միջինից մոտ 2 անգամ բարձր ստացող քաղաքացիներին է վերաբերում:
Բյուջետային ծախսերը, որոնք պետք կգան այս տարի այս ծախսը հոգալու համար, կլինի մոտ 80 մլրդ դրամի շրջանակում, որը մենք ունենք և վերաբաշխումների միջոցով կտեղափոխենք մեր բուջե՝ ԱՍՀՆ բյուջե:
Իսկ բուն որոշումը, որը մի որոշում չէ, լինելու են մի քանի որոշումներ, հավանաբար կա՛մ Կառավարության մոտակա նիստին, կա՛մ դրանից հետո կընդունվի, որովհետև պետք է նաև ծրագրային ապահովման բանաձևերի մեջ փոփոխություններ իրականացնենք, որի համար անհրաժեշտ են իրավական հիմքեր»,- ասաց նախարարը: