Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Քենիայի արտաքին գործերի և սփյուռքի հարցերով նախարարության քաղաքական և դիվանագիտական գործերի գլխավոր տնօրեն Ջոսֆատ Մայկարան ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Փաստաթղթի ստորագրմանը հաջորդել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև անդրանիկ քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանի և գլխավոր տնօրեն Ջոսֆատ Մայկարայի գլխավորությամբ։

Զրուցակիցները քննարկել են կրթության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում կապերի ակտիվացման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է քաղաքական երկխոսության ամրապնդման և իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում համագործակցությանը և փոխադարձ աջակցությանը:
Քենիական կողմին են ներկայացվել է 2026թ․ Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ հայկական կողմի առաջնահերթությունները։
Հանդիպմանը շոշափվել են Հարավային Կովկասում և Արևելյան Աֆրիկայում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի այլ հարցեր։